Daily Archives: 12.05.2014

Հանրակրթական Դիջիթեքն իմ աչքերով. մասնակցից մինչև ստուգատեսի համակարգող

Стандартный

2013-թ.-ին էր, երբ առաջին անգամ մասնակցեցի Հանրակրթական Դիջիթեքին՝ որպես այլ դպրոցի ներկայացուցիչ: Հիշում եմ թե՛ իմ, թե՛ սովորողներիս ոգևորությունն ու սպասումները, բոլորն ուզում էին օր առաջ իրենց հայտերն ուղարկել, ուզում էին անպայման մրցանակ ստանալ: Մեր մրցանակը խրախուսական էր՝ «Ուսումնական նյութ» անվանակարգում: Այդ ժամանակ, դիտորդի աչքով նայելիս և միայն ստուգատեսի բացմանն ու փակմանը ներկա լինելով դժվար էր պատկերացնել դրա ողջ լրջությունը, մեզ համար այն սովորական մի մրցույթ էր: Չէինք էլ մտածում, որ կազմակերպիչները մի ամբողջ տարի պետք է պատրաստվեն դրան:

2014-ին արդեն որպես  նորաթուխ սեբաստացի մասնակցեցի ստուգատեսին և, ի զարմանս ինձ, արժանացա մեկ գլխավոր և երեք հատուկ մրցանակների (123):  Բայց ամենամեծ զարմանքս, բոլոր անհասկանալի զգացմունքներն ու զգացումներն ինձ պատեցին, երբ իմացա, որ Հանրակրթական Դիջիթեք 2015-ի համակարգողը ես եմ լինելու: Չգիտեի՝ լա՞վ է դա, թե վատ: Ճիշտն ասած, միշտ մտածել եմ և մտածում եմ, որ դա շատ պատասխանատու գործ է և շատ հատկանիշներ ու մարդկային որակներ են պետք, որպեսզի գործը հնարավոր լինի ըստ արժանվույն գլուխ բերել (հուսով եմ՝ կստացվի):

Առաջին բանը, որ արեցի, սկսեցի ուսումնասիրել նախորդ տարվա պատասխանատու-քարտուղարների դիտարկումները, որոնցից շատերն ինձ համար անչափ օգտակար եղան և նպաստեցին նոր մտքերի, գաղափարների ծնվելուն:

  • Այս տարի հայտերի մեծ մասը լրացված էին թերի կամ չէին համապատասխանում անվանակարգին, ինչն էլ դժվարեցնում էր պատասխանատու-քարտուղարների և ժյուրիի անդամների գործը: Կարծում եմ՝ գովազդային հոլովակների կամ տեսադասերի միջոցով կարելի է բացատրել անվանակարգի կոնկրետ պահանջները, որպեսզի աշխատանքների մեծ մասը չհամապատասխանելու պատճառով դուրս չմնան մրցույթից:
  • Կային աշխատանքներ, որոնք մեղմ ասած լավ որակի չէին, բայց դրանց մեծ մասը սովորողների աշխատանքներ էին, որոնք այդքան էլ լավ չեն պատկերացնում ինչ ասել է ուսումնական նյութ: Կարծում եմ՝ այս տարի լավ ուսումնական նյութ անվանակարգը կարելի է բաժանել ոչ միայն ըստ տարիքային խմերի, այլ նաև դասավանդող-սովորողի կամ ըստ առարկայական ուղղությունների:
  • Արդեն բավականաչափ աշխատանքներ են տարվել Հանրակրթական դիջիթեքի կայքը թարմացնելու, ակտիվ պահելու ուղղությամբ: Հանրակրթական դիջիթեքը տարածելու նպատակով ֆեյսբուքում բացվել է դիջիթեքյան խումբ, որն արդեն ունի 1500-ից ավել անդամ: Անցկացվեց Դիջիշնորհավորանքի մրցույթ, որն էլ ավելի օգնեց դիջիթեքի տարածմանը և դիջիթեքյան խմբի ընդլայնմանը:
    Դիջիթեքի տարածման համար պատասխանատու պիտի լինի ցանկացած սեբաստացի և եթե ամենքս լավ աշխատենք, մյուս տարիներին այլ դպրոցներից հայտերը կավելանան:
  • Իսախանյան Էմմայի հետ մտածեցինք կազմակերպել կլոր սեղաններ և սեմինար-քննարկումներ ինչպես դիջիթեքի պատասխանատու-քարտուղարների, այնպես էլ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի դիջիթեքին ներկայացվող նյութերը լինեն ավելի գրագետ և անվանակարգի պահանջներին համապատասխանող: Իսկ դասավանդողների թիմային աշխատանքի արդյունքում, անշուշտ, կծնվեն ավելի հետաքրքիր գաղափարներ և մրցունակ նյութեր:

Այնուամենայինիվ, այս տարվա կարևորագույն աշխատանքներից մեկը դիջիթեքյան ճամբարի կազմակերպումն է: Կարևոր է ինչպես ճամբարի վայրի, այնպես էլ գործունեության ընտրությունը, որպեսզի սովորողների համար այն հիշարժան լինի: կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, եթե սովորողներն էլ իրենց մասնակցությունն ունենան ճամբարի նախագծին: Այդպիսի փորձ արեցի  «Գարնանայի Լաստիվեր» նախագծի շրջանակներում իրականացծած եռօրյա ճամբարի ընթացքում, երբ սովորողներն էին ուղեկցորդ հանդիսանում խմբի համար: Նրանք շատ էին ոգևորվել, մեծ պատասխանատվություն էին զգում: Վերադարձից հետո դասի ժամանակ 5-րդ դասարանցիներին առաջարկեցի ինքնուրույն ընտրել որևէ հետաքրքիր վայր և միայնակ կամ խմբերով ճամփորդության կամ ճամբարի սեփական նախագիծը մշակել: Բոլորը մեծ ոգևորությամբ գործի անցան, սկսեցին պրպտել բոլոր հնարավոր քարտեզները, վերհիշել իրենց այցելած հետաքրքիր վայրերը: Արդյունքում մի քանի հետաքրքիր նախագծեր ստացվեցին, որոնք դեռևս մշակման փուլում են և շատ հնարավոր է, որ կյանքի կկոչվեն (դրանց շուտով կանդրադառնամ առանձին հոդվածով):

Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, դիջի-ն այժմ ամենուր է, մնում է ճիշտ և ըստ անհրաժեշտության կիրառել այն և կունենանք դիջգրագետ հասարակություն: