Դադիվանք

Стандартный

2007 թվականի ամռանն էր, երբ առաջին անգամ ճամփորդեցի Արցախ։ Իմ առաջին գիշերակացով ճամփորդությունն էր, այն էլ՝ Արցախ։ Հուզված էի, երջանիկ, տարօրինակ զգացումներով։ Այսօրվա պես հիշում եմ այդ օրը, հատ-հատ վերապրում բոլոր զգացումներս։ Անցանք Սևանա լճով, առավոտյան 6-ն էր, կանգնեցինք ու հիացանք արևածագով, այնուհետև՝ Վարդենիս, Սոթքի լեռնանցք՝ նեղ ու ոլորապտույտ ճանապարհ (այդ ճանապարհն անցնելիս միանգամից և՛ վախ ես զգում, և՛ անասելի հրճվանք, Արցախի բնությունից ոչ մի տեղ չկա), և առաջին կանգառը՝ ոչ ավել, ոչ պակաս` Չոփռլուի զորամաս։ Պարզվեց, զորամասի տարածքում մի հրաշք է թաքնված, մի փոքրիկ մատուռ էր, որի ամեն մի քարը  խաչքար էր, սովորական ոչ մի քար չկար։ Փոքրիկ էր, բայց այնքան հզոր, այնքան հին, հարյուրամյակների էներգիայով լեցուն։ Կողքին ջրվեժ էր՝ ցածր, բայց անքան ջրառատ, այնքան գեղեցիկ, որ չէիր ուզում հեռանալ, չնայած որ թվում էր, թե շուտով կխլանաս։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել տեսնել այդ գեղեցկությունը։  Ժամանակն էր այս գեղեցկությանը հրաժեշտ տալու։ Գիտեի, որ հնարավոր է երբեք էլ այստեղ չեմ վերադառնա, բայց գնում էի կրկին այս հրաշքը տեսնելու հույսով։ Դուրս եկանք զորամասից և շարժվեցինք դեպի Դադիվանք։ Բոլորս հոգնած էինք, բայց մտքներովս էլ չէր անցնում քնել։ Թարթառի գետափը, բարձր ու կանաչ լեռները, վայրի ձիերը․․․ ոչ մի վայրկյան չէինք դադարում հիանալ։ Կանգնեցինք փոքրիկ ջրվեժի մոտ, որ տեղացիները «Զեյնաբի աղբյուր» են կոչում։ Մի փոքր թարմացանք, սկսեցինք քայլել ու շուրջբոլորն ուսումնասիրել։ Եվ․․․ երկար սպասված ցուցանակ, վրան գրված էր «Դադիվանք»։
800px-Dadivank_viewՆստեցինք ավտոբուսն ու շարունակեցինք ճանապարհը։ Քիչ անց հեռվից երևաց Դադիվանքի գավիթը՝ հին ու անպատմելի վեհ, անասելի գեղեցիկ։ Այս տեսարանը մեկընդմիշտ գրավեց իր ուրույն, անփոխարինելի տեղն իմ հիշողություններում։ Վերջապես հասանք վանք։ Դեռևս այդպիսի հանգստություն ոչ մի տեղ չեմ  տեսել։ Կարծես անմարդաբնակ կղզում հայտնված լինեինք, միայն մենք էինք ու Արցախյան կանաչը։ Մի քանի ժամ անց մեր ճամբարը պատրաստ էր, բայց․․․ Արցախյան բնությունն էլ է այլ։ Տաք, արևոտ եղանակին 2 րոպեում հաջորդեց հորդառատ անձրևը և հօդս ցնդեցին վրաններում գիշերելու մեր բոլոր հույսերն ու սպասումները (լավ եղանակի ակնկալիքով միայն սովորական, ամառային վրաններ էինք տարել)։ Հավաքվեցինք վանքի սեղանատանն ու ընթրեցինք։ Անգամ սեղանատունը հզոր էներգիա ուներ։ Երբեք, ոչ մի եկեղեցում այդպիսի էներգիա չեմ զգացել։ Երևի վանքի հնությունից է, երևի շատ աղոթքներ է լսել։ Հաջորդ օրն առավոտյան սկսեցինք ուսումնասիրել վանքի ծակուծուկերը։

Dadivank 3
Համաձայն լեգենդի` Դադիվանքը հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Որոշ աղբյուրներում էլ գրվում է, որ Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկը՝ Դադին, սպանվել է Արցախի Վերին Խաչեն (Ծար) գավառում։ Դադիի նահատակության վայրում՝ ներկայիս Լեռնային Ղարաբաղի Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, 1-ին դարում հիմնադրվել է Դադիվանքը։ Այն կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցված է եղել խութի՝ բլրակի վրա։ Դադիի գերեզմանատեղին դեռևս պահպանվել է, չնայած որ դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու կողքին է գտնվում երկհարկանի զանգակատունը,  որի արևմտյան մասում անաղարտ պահպանվել են երկու բարձրարվեստ խաչքարեր։ Դրանք, ըստ Ն. Թանգյանի՝ «ոչ մի տեղ, ոչ մի վանքի մեջ իրենց հավասարը չունեն»։ Նայելով այդ խաչքարերին, դժվարանում ես հավատալ, որ դրանց մարդկային ձեռքն է դիպչել։
Վանքից քիչ հեռու Դադիվանք գյուղն էր՝ իր փոքրաթիվ բնակչությամբ ու պարզությամբ։ Մարդիկ այստեղ այնքան բարի ու սրտաբաց էին, որ երբեմն կասկածի տեղիք էին տալիս (սրա հետ կապված բազմաթիվ զավեշտալի դեպքեր եղան)։ Մի ընտանիք կար տասնմեկ երեխա ունեին, բավականին վատ էին ապրում, բայց բոլորի աչքերը երջանիկ շողում էին։ Նայելով նրանց հասկանում էինք, որ ոչ մի շքեղություն չի կարող երջանկություն բերել։ Երեխաներից մեկը  կամավոր «հսկում էր» Դադիվանքի տարածքը, մաքրությունն էր պահպանում, այցելուներին վանքի պատմությունն էր պատմում։
Դադիվանքն այնքան ուրիշ է ինձ համար, որ եթե սկսեմ մանրամասնորեն նկարագրել, երևի թե երկար կգրեմ։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։ Դադիվանքի դեպքում՝ լավ է մեկ անգամ լսել, հետո հազար անգամ գնալ տեսնել ։))))

Оставьте комментарий