Հայաստանի մարզերը. Նախագիծ

Стандартный

Նախագծի մասնակիցները. 4-5-րդ դասարաններ

Ժամանակահատվածը՝ Փետրվար 2015

Նախագծի նպատակը. Ծանոթացնել սովորողների ՀՀ մարզերին, մարզերի տեսարժան վայրերին:

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես կազմված փաթեթի միջոցով ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո սովորողները լրացնում են հարցաթերթիկը::

  • Արարատ
  • Արմավիր
  • Արագածոտն
  • Գեղարքունիք
  • Լոռի
  • Կոտայք
  • Շիրակ
  • Տավուշ
  • Սյունիք
  • Վայոց Ձոր
  • Երևան
  • Արցախ

Առասպել Գեղարդ վանքի մասին

Стандартный

011Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Աղբյուրը՝  http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=011

 

Առասպել արևի ու լուսնի մասին

Стандартный

052Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Աղբյուրը՝ http://www.araratbrandy.com/am/legends/legend?p=052

 

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Стандартный

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:

Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

Կողմնորոշում ձմռանը:

Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:

Ինչպես կողմնորոշվել անտառում:

Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:

Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:

Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:

Բարձրանում ենք Արտանիշ լեռ. Բարձունքի նվաճում նախագիծ

Стандартный

Նախագծի մասնակիցներ. Դպրոց պարտեզի 5-րդ դասարանցիներ

загруженноеՍեպտեմբերի 27-ին ժամը 09.00 մեկնում ենք Գեղարքունիքի մարզ, նվաճելու Արտանիշ լեռան բարձունքը: Արտանիշ լեռը գտնվում է  Սևանա լճի ափին։ Բարձրությունը՝ 2461 մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560 մ)։

Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից։

Մասնակցության համար անհրաժեշտ գումարը 2500 դրամ է:

Արեգակնային համակարգի մասին 10 զարմանահրաշ փաստ

Стандартный

Չնայած այն բանին, որ մենք շատ բան գիտենք մեր Արեգակնային համակարգի մասին, ինչպես օրինակ այն, որ այն բաղկացած է 9 մոլորակներից (իհարկե, մինչև գիտնականները հանկարծակի իրենց կարծիքը չփոխեն այս փաստի վերաբերյալ), շատերը կարող են չիմանալ այն հետաքրքիր փաստերը, որոնք մենք ձեզ կներկայացնենք ստորև:

1. Յուպիտերը կլանում է տիեզերական աղբը

Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է և հայտնի է իր «մեծ կարմիր հետքով», որն իրենից փոթորիկ է ներկայացնում: Մոլորակի վրա ավելի հետաքրքիր բաներ էլ կան, սակայն, գիտնականների պնդմամբ, «մեծ կարմիր հետքը» կարևոր է, քանի որ այն մեր ապահովության հարցում կարևոր դեր է խաղում: Պատճառն այն է, որ Յուպիտերի հսկայական չափսերը և ձգողականության ուժը պաշտպանիչ դեր ունեն Երկրի համար, քանի որ վահանի դեր կատարելով և ծածկելով Երկիրը` այն կլանում է տիեզերական բեկորները, աղբը և այլ վտանգավոր օբյեկտները` իր ուղեծիր քաշելով, մինչև դրանք կկարողանային հասնել Երկիր: Պիեռե-Սիմոն Լապլասե անունով ֆրանսիացի մաթեմատիկոս-աստղագետը Երկրին մոտեցող գիսատղ էր հայտնաբերել, որը սակայն կլանվել էր Յուպիտերի ձգողական դաշտի կողմից և փաստորեն ամբողջապես դուրս մղվել Արեգակնային համակարգից:

2. Մեր Արեգակնային համակարգում գոյություն ունի 5 գաճաճ մոլորակ

Չնայած գաճաճ մոլորակների շուրջ շարունակվող քննարկումներին` կարող ենք հստակ նշել, որ դրանք թափառող մեծ տիեզերական մարմիններ են, որոնք չունեն իրենց հստակ ուղեծրերը, որպեսզի կոչվեն մոլորակներ, և ոչ էլ հետևում են այլ մոլորակների ուղեծրերին, որպեսզի համարվենն լուսին կամ արբանյակ: Այս գաճաճ մոլորակներն են Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը:

3. Արեգակնային համակարգը և երկնաքարերը

Չնայած բազմիցս լսել ենք երկնաքարերի մասին, ինչպես նաև դրանց վերաբերյալ նկարահանված ֆիլմեր դիտել, այնուամենայնիվ հնարավոր է տեղյակ չլինեք, որ երկնաքարերի հիմնական գոտին գտնվում է Յուպիտերի և Մարսի միջև, ինչպես նաև այն մասին, որ բազմաթիվ ավելի փոքր երկնաքարեր ցրված են Արեգակնային համակարգով մեկ, դրանցից որոշներն անգամ բավականին մոտ են Երկրին: Այնուամենայնիվ, թեև շատ ֆիլմերում տեսնում ենք, որ տիեզերանավերը երբեմն հազիվ են պրծնում երկնաքարերի հետ բախումներից, սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ դրանք իրականում բավականին հեռու են, որպեսզի իրենցից լուրջ վտանգ ներկայացնեն:

4. Վեներան ամենատաք մոլորակն է

Շատերի կարծիքով Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակը Մերկուրին է, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, սակայն իրականում պարզվում է, որ Վեներան ավելի տաք է, քան Մերկուրին, չնայած այն բավականին հեռու է գտնվում: Սա այն պատճառով է, որ Արեգակին մոտ գտնվելով Մերկուրին չունի մթնոլորտ, որը կպահեր արեգակնային տաքությունը: Սրան հակառակ` Վեներան բավականին խիտ մթնոլորտ ունի, որը պահպանում է արեգակնային տաքությունը: Հետաքրքիր է նաև այն, որ Վեներան տարբերվում է մնացած մոլորակներից նրանով, որ այն հակառակ ուղղությամբ է պտտվում:

5.Պլուտոնի կարգավիճակը երկար ժամանակ կասկածի տակ էր առնվում

Շատ մարդիկ ապշել էին գիտական համայնքի այն հայտարարությունից, թե Պլուտոնն այլևս չի կարող մոլորակ համարվել: Դեռևս փոքր հասակից մենք գիտենք, որ Պլուտոնը մոլորակ է, և երբևէ կասկածի տակ չենք առել այդ փաստը: Տարօրինակ է սակայն` Պլուտոնի կարգավիճակի մասին բանավեճերն ու քննարկումները գրեթե 30 տարի են տևել, սակայն հետազոտող աստղագետների ու գիտնականների շրջանից այս տեղեկատվությունը դուրս չի սպրդել ամբողջ ընթացքում: Նաև հետաքրքիր է իմանալ, որ Պլուտոնը ավելի փոքր է, քան կարող եք պատկերացնել, օրինակ` 170 Պլուտոն պետք կլինի` Երկրի չափսերին հասնելու համար:

6. Մերկուրիում մեկ օրը հավասար է երկրային 58 օրվա

Յուրաքանչյուր մոլորակի վրա օր է համարվում դրա մեկ ամբողջական պտույտը: Երկիրը մեկ ամբողջական պտույտ է կատարում 24 ժամում, այնինչ Մերկուրիի մեկ ամբողջական պտույտը տևում է գրեթե 60 երկրային օր: Պատկերացնու՞մ եք` ինչքան երկար պետք է սպասեիք, մինչև նորից լույսը բացվեր, եթե լինեիք Մերկուրիի վրա: Հետաքրքիր է իմանալ նաև այն, որ Երկրի վրա էլ կարելի է այդ փորձառությունը ունենալ. Անտարկտիդայում մի ամբողջ ձմեռ արևը հորիզոնից չի բարձրանում:
Քանի որ Մերկուրիի ուղեծիրը Արեգակի կողքով է անցնում, մեկ տարին այնտեղ հավասար է մոտավորապես երկրային 88 օրվա, սա նշանակում է, որ Մերկուրիի վրա տարին երկու օրից էլ քիչ ժամանակ է պարունակում: Բայց սա դեռ ամենը չէ. մոլորակի տարօրինակ ուղեծրի պատճառով թվում է թե Արեգակը ետ ու առաջ է շարժվում:

7. Ուրանի վրա եղանակները քսան տարի են տևում

Ուրանը ունի 82 աստիճանով ուղեծրի թեքվածություն, որը նշանակում է, որ այն կողքի վրա է թեքված: Սրա արդյունքում Ուրանի վրա եղանակը տևում է մոտավորապես 20 երկրային տարի և հանգեցնում տարօրինակ եղանակային երևույթների: Վերջերս Ուրանի վրա երկարատև ձմեռային փոթորիկներ էին, որին կհաջորդի գրեթե տասնամյակ տևողությամբ գարուն: Պետք է նշել, որ Ուրանի վրա գարունը ամենևին նման չէ Երկրի գարուններին. այստեղ ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է, որն ուղեկցվում է բավականին խիստ փոթորիկներով: Այս և մոլորակի այլ երևույթներ միջավայրը դարձնում են անհավանական դաժան:

8.Արեգակնային համակարգի զանգվածի 99%-ը կազմում է Արեգակը

Բնականաբար, Արեգակը համակարգի ամենակարևոր մասն է կազմում: Չնայած այս պայծառ գազային գունդը մեզ լույս, տաքություն և էներգիա է տրամադրում, և նույնիսկ կարելի է ասել նրանով է համակարգում ամեն ինչ դասավորվում, սակայն երբեմն մոռանում ենք` ինչքան հսկայական է այն: Արեգակը կազմում է համակարգի ընդհանուր զանգվածի 99%-ը: Յուպիտերն ու մնացած մեծ մոլորակները կազմում են մնացած տոկոսը, իսկ Երկիրը հազիվ է ինչ-որ թիվ կազմում:

9. Դուք ավելի ցածր քաշ կունենաք Լուսնի վրա

Լուսնի փոքր զանգվածի պատճառով դրա ձգողականության ուժը շատ փոքր է` համեմատած Երկրի հետ: Համեմատության համար նշենք, որ Երկրի ձգողական ուժը 6 անգամ ավելի մեծ է: Սա նշանակում է, որ Լուսնի վրա դուք կարող եք 6 անգամ ավել բարձր թռչել, քան Երկրի վրա:

10. Սատուրնը միակ մոլորակը չէ, որ օղակներ

Մինչ մենք սովորել ենք, որ Սատուրնը զարմանալի օղակներ ունի իր շուրջը, որ հիմնականում բաղկացած են սառույցից, մանր քարերից և այլ մասնիկներից, պարզվում է, որ բացի Սատուրնից այլ մոլորակներ էլ կան, որոնք ունեն օղակներ: Նույնիսկ պարզվել է, որ Արեգակնային համակարգի բոլոր մեծ մոլորակները իրականում օղակներ ունեն: Օրինակ` Նեպտունը, Յուպիտերը, որի օղակները մեր մոլորակից հնարավոր չէ նկատել: Նույնիսկ Ուրանն իր շուրջն ունի 9 պայծառ օղակ, ինչպես նաև մի քանի այլ ավելի խամրած օղակներ, սակայն սրանք հնարավոր չէ տեսնել մեծ հեռավորության պատճառով:

Աղբյուրը՝ http://blognews.am/arm/news/71046/aregaknayin-hamakargi-masin-10-zarmanahrash-past.html

 

Արեգակնային համակարգ

Стандартный

Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 9 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային

մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ:

Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: 9 մոլորակներն են Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուրնը (Երևակ), Ուրանը և Նեպտունը: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը:
Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուրնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են:  Ամենամեծ մոլորակը՝ Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր:
Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուրնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:
 
Մոլորակների ուղեծրերը
Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երկիրն Արեգակի շուրջ մեկ լրիվ պտույտ կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Մոլորակների չափերի հետ համեմատած՝ նրանց միջև եղած հեռավորությունները հսկայական են:

Համեմատության համար պատկերացնենք, որ եթե Արեգակը լիներ ֆուտբոլի գնդակի չափ, ապա Երկիրը կլիներ ընդամենը կետի չափ և 30 մ հեռու կգտնվեր գնդակ-Արեգակից: 

Բոլոր մոլորակներից Երկրին ավելի շատ մոտենում է Վեներան: Այն երեկոյան կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ առավոտյան՝ արևելյան մասերում, եթե այնտեղ փնտրեք ամենավառ օբյեկտը:
Արբանյակներ
Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուրնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն (Ահ) ու Դեյմոսը (Սարսափ): 
 
Աստղակերպներ և գիսավորներ
Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը  Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից:: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: 
Վերջերս աստղագետները Նեպտունի և Պլուտոնի ուղեծրերից այն կողմ նույնպես հայտնաբերել են աստղակերպներ:
Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են:

Հայրենագիտություն. Առարկայական ծրագիր` 4-5-րդ դասարաններ

Стандартный

Կրթահամալիրի 2014-2015թթ. ուս. տարվա ուումնական պլանի մեջբերում:
15. «Հայրենագիտությունը» ներառում է «Դիցաբանություն», «Պատմություն» դասընթացները, կազմակերպվում ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» ուսումնական մոդուլները:

Հայրենագիտություն առարկան չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու համար: Դասընթացի կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»:

Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ:

Ըստ մեր ուսումնական պլանի, ինչպես նաև հայրենագիտություն առարկան սովորողին ավելի շոշափելու ու հասանելի դարձնելու համար,  հայրենագիտության առարկայի անբաժանելի մասն են կազմում տարբեր բնույթի ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, ինչպես քաղաքում՝ թանգարաններ, Երևան քաղաքի այլ վայրեր, այնպես էլ 1-օրյա և բազմօրյա արշավներ՝ Երևան քաղաքից դուրս:

Սովորողները հետազոտում են իրենց թաղամասը, քաղաքը, գյուղը, երկիրը, բացահայտում տվյալ տարածքի անվան (անունների) ծագումնաբանությունը, բնորոշ գծերը (բարբառ, արդի էկոլոգիական խնդիրները, ավանդապատումներ, աշխարհագրական դիրք, պատմական ակնարկ, բնակչություն և այլն):

Սովորողներն իրենց ընտրությամբ կատարում են նաև ուսումնա-հետազոտական այլ աշխատանք` բանահավաքություն (բնակավայրի, լեռների, լճերի, գետերի տեղանունների ծագման հետ կապված զրույցների-ավանդություններ, ավանադական կերակրատեսակների բաղադրատոմսեր, ծեսերի նկարագրություն և այլն), էկոլոգիական (բնակավայրերի բնապահպանական խնդիրներին առնչվող թեմաների ուսումնասիրում):

Գնահատում — Սովորողները գնահատվում են ստուգարքային տարբերակով՝ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող նախագիծ էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
Կարևորվում է մասնակցությունը ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններին մասնակցությունը և դրանց անդրադարձը: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը:

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  1. կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  2. հաղթահարի իր տարիքին համապատասխան բարձունքներ
  3. հայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը․․․
  4. Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին
  5. հայրենագիտորեն արշավել
  6. կարողանա պատրաստել հետաքրքիր ուսումնական-ճանաչողական տեսաֆիլմեր հայրենիքի մասին
  7. ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր կատարել՝ ընտանեկան հայրենագիտություն